Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/7

Այս էջը հաստատված է



ՄՈԻՍԱՅԻՍ


Նախ՝ աղջիկ էիր դու մի հասարակ,
Որ դեմս ելար օրերում դժնի։
Անձրև էր մաղում իմ գլխին բարակ,
Ու չկար կյանքում սրբազան կրակ,
5 Ու լույսն էր ծորում երբեմն լուսնի։

Գգվեցիր դու ինձ գգվանքով քնքուշ,
Ինչպես լուսնահար աղջիկն է գգվում,
Երգեցիր սրտիս ցնորքներ ու հուշ,
Քնարդ եղավ անզոր ու անուժ
10 Եվ բեկվեց, ինչպես ուռին է բեկվում։

Գունատ էիր դու, ինչպես մահամերձ,
Եվ չգիտեին շրթերդ խնդալ.
Եվ տխուր էին գգվանքները մեր,
Եվ սերդ, ինչպես լուսնահարի սեր,
15 Անկիրք էր այնպես ու սանտիմենտալ։

Ի՜նչ իմանայի օրերում ես այն,
Որ այնքան անկյանք քո երակներում
Բարիկադների հրերում անանց
Մարտիրոսաբար մարտնչող կանանց
20 Բորբ, հերոսական արյունն է եռում։