Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/75

Այս էջը հաստատված է

85 Աճում է ահը, ինչպես փորձանք։—
Օ, դու՛, կարո՞ղ ես հիմա երգել
Այս մառախուղը թե՛ խոլ, թե՛ վեհ,
Այս լեռնացումը գահակործան...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
90 Աճում է ահը։ Մառախուղում
Վերջին վայրկյանն է արդեն դողում —
Եվ ծանրության տակ Պետրոս Մեծի
Արդեն ճոճվում է պղնձյա ձին...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
95 Աճում է ահը։— . . . . . ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք—ալիք —
Կանգնել է, ծանր ու անառիկ,
100 Քարե այն տունը։— Այդտեղ առաջ
Մի մենաստան է եղել խաղաղ,
Ու սովորել են հետո այդտեղ
Այն նուրբ կույսերը սիրել, խանդել,
Երգել ռոմանսներ, պարել կադրիլ —
105 Ինչ երազել է ամեն պատրիկ
Իր հոմանուհու, կնոջ համար...
Գոռ ռազմավայր է այնտեղ հիմա։
Նեղ սենյակներում, վարը, բակում,
Այգում, փողոցում, հրապարակում
110 Անդուլ վխտում են, հագած շինել,
Մարդկային դժկամ բազմություններ։—
Ու թնդանոթներ, գնդացիրներ,
Ռումբաձիգ գնդեր կանգնած ահա,—
Այդտեղ իր բու՛յնն է հիմա դրել
115 Մի չտեսնված, մի նոր բանակ։—