Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

20 Կամ տուն չգալ այլևս, կամ կրկին պատրաստվել

քննության։

Ուսը ցնցեց տղան մեքենայաբար,
Հիշեց դպրոցը, հորը, մռայլ տեսուչին.—
Ինքը կանգնած է գլխիկոր նրանց առաջին`
Դեմքին ամոթ, փոշի ու արցունքներ թափած...
25 Խորը հոգոց հանեց, հառաչեց —
Ու քայլերը ձգեց։— Երկար
Ձգվում էր իր դեմ փողոցը։ Գնում էր։
Ամառվա շաֆրանով ներկած՝
Հորանջում էր փողոցը քնում իր։
30 Փողոցը․․․ Երկու շարք միհարկանի տներ՝
Դեղին, գորշ, վարդագույն, կրկին դեղին։
Իսկ մեջտեղում՝ շոսսե։— Փոշոտ, նեղ,
Ինչպես գյուղական սայլուղի։—
Երբեմն անցնում էին մայթից մարդիկ,
35 Դանդաղ, անցնում էին ու մտնում տուն։
Ու կրկին ամայանում էր մայթը։
Շոգ։ Փոշի։ Խաղաղություն։—
Կամ մի տնից երբեմն, մի պատուհանից
Դուրս էր նայում մի պահ մի կանացի գլուխ,
40 Կանչում էր դիմացի հարևանին —
Ու կրկին փողոցը ննջում էր։ Լուռ։
Տղան քայլում էր դանդաղ, առանց նայելու
Իր շուրջը։— Ոտքերը մեքենայաբար
Տանում էին նրան։— Ճանապարհը
45 Չուներ նրա համար հրապուրիչ բան։
Նա գնում էր այգի։— Կռնատակին
Նա տանում էր մի գիրք։— Չսարսափե՛ս,
Ընթերցո՛ղ։— Գրքի շապիկին
Գրված էր՝ «Homo Sapiens»։—