Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/79

Այս էջը հաստատված է

II


50 Նա կարդում էր երկար, նստած ալեյում,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ
Դանակով փորագրել էր՝ «Արփենիկ»։
Նա կարդում էր անհագ, լափելով
55 էջերը, գլուխները։— Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը։
Գլուխը վառվում էր։ Սիրտը
Թրթռում էր։— Ուզում էր թռչի դու՛րս, դու՛րս։—
60 Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդու՛մ, կարդու՛մ, կարդու՛մ։—
Չքացել էր աշխարքը։— Այգին
Դարձել էր անիրական։ Այգին չկար։
Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին։
65 Կար մի կարոտ միայն։
Եվ անարատ մի սիրտ կար։ Եվ մի ուղեղ՝
Դեռ անապակ, դեռ ջինջ, դեռ մաքուր։
Գավառցի պատանի կար մի խեղճ
Նայիրյան այդ խեղճ քաղաքում։
70 Նա կարդում էր։ Սուզվում էր անդարձ
Ցնորքների հորձանքը։— Գրքի էջերից
Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
Որի հոգին, մտքերը, տենչերը
Վիթխարի են, ամե՛ն ինչ խորտակող,
75 Որը բարձր է իր բութ շրջապատից,
Ինչպես ճահճից — էլբրուսը,— և վարդագույն
Մի մշուշի նման նրա հոգում
Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
Նա կարդում էր անհագ — և գնում էր, հանդուգն,