Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/8

Այս էջը հաստատված է

Որ բացվես պիտի օրերում դու նոր,
Ինչպես ծաղիկն է արևից բացվում,
Որ քո քնարի երգերը բոլոր
Այն դժնի, խեղդող ու աղետավոր
25 Օրերից են լոկ թախիծով լցվում։

Եվ դու մեռնեիր երևի ինձ հետ՝
Անձրևից հյուծված և հրակարոտ —
Այն փոթորիկը եթե չցնցեր
Եվ մրրիկը այն եթե չխանձեր
30 Քո դեմքը իր ջինջ, կենսատու հրով։

Հառնեցիր հանկարծ վիթխարի թափով
Դու շռնդալից այգին ընդառաջ.
Լցված հողմային օրերի տապով՝
Կանգնեցիր՝ ձեռքիդ պայքարի շեփոր,
35 Եվ դարձար այնքան նոր ու անճանաչ:

Դու նզովեցիր օրերը քո հին՝
Այնքան անկրակ ու մեռած այնքան,
Եվ, գնդերի հետ ելած գրոհի,
Որպես մի կարմիր ամազոնուհի
40 Դու շեփորեցիր կռիվ ու պայքար։

Գեղեցի՜կ էիր այն ժամերին դու
Ու զարհուրելի, ինչպես կռվի երթ.
Հնչում էր իմ մեջ քո երգը խնդուն,
Եվ հեռուներում քո երգն էր թնդում,
45 Ինչպես վիթխարի հաղթանակի երգ։

Դու ջահել էիր, դու երիտասարդ,
Արյունն էր քո մեջ հողմերի եռում.—
Երգում էիր դու խնդուն ու զվարթ,