Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/83

Այս էջը հաստատված է

Հյուսիսային այն ցուրտ դեկտեմբերյան օրից,
Որ արշալույսն եղավ այս օրերի,
Տառապել են այստեղ բազմություններ ուրիշ,
25 Բայց նու՛յնքան վեհ, անբիծ հերոսների։
Իմ ուղեղի միջով հիմա նրանք
Ահա անցնում են լուռ, խստաբարո,
Խարազանի հետքեր մարմինների վրա,
Բայց աչքերում վճիռ մի չմարող։
30 Մտաբերում եմ ես նրանց մեկ—մեկ,
Ռիլեևից մինչև պայծառատես
Այն մտածողը վեհ ու հանճարեղ,
Որին Մարքսն է մի օր անվանել մեծ:
Այս քարերի վրա, այս պատերի,
35 Որոնց նայել են այդ մարդիկ մի օր —
Հայացքների նրանց ու խոհերի —
Անանց հետքերն եմ ես փնտրում սիրով։
Վաղուց արդեն թողել, հեռացել են նրանք,
Որոնք ինձ հետ մտան բակն այս ահի,—
40 Անխոս նայում եմ ես այս պատերին մռայլ,
Շուրջս մութն է արդեն ու ամայի։
Հրաժեշտ եմ տալիս արդեն նրանց,
Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ —
Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա,
45 Անակնկալ իջնում է մի ծանր ձեռք։ —

Ետ եմ նայում, վերև... Թեքված ուսիս՝
Մի մարդ դեմքով հեռու, անիրական,—
Մտերմական ձայնով ասում է ինձ․
— Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկա՛մ․..
50 Բարձրահասակ է. ջղուտ, աչքերը սև.
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս:
Ես ո՞րտեղ եմ նրան արդյոք տեսել.
Կյանքու՞մ արդյոք, տենդու՞մ, թե գրքերո՞ւմ։