Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

Հառելով փոքրիկ այն մեքենային —
Նա բարակ քրքջաց՛ հեգնանքով, թաքուն
Արհամարհանքով լեցուն քրքիջով...
60 «Հի՛— հի՛— հի՛» — քրքջաց, ձեռքերը հետո
Ինքնագոհաբար նա քսեց իրար
Եվ ասաց. «— Այո... սիրելի վարի՛չ,—
Այսպիսի՛ բաներ...» — Իսկ վարիչը՝ բութ
Հայացքն հառելով իր փայլող դեմքին,
65 Չհասկանալով իր արձակած սուր
Հեգնանքը՝ նետած նրանց հասցեին —
Երեխայաբար ծիծաղեց ինքն էլ...
Կարո՛ղ էր արդյոք լոկ կուսակցական
Իր տոմսի ուժով մարդու շարք անցած
70 Այդ ողորմելին,— մտածում էր նա,—
Հասկանալ իր սուր հեգնանքը՝ հղած
Իրենց հասցեին։— Կարո՞ղ էր արդյոք
Այդ ողորմելին հասկանալ, որ այդ
Ֆանտաստիկական մեքենան իրոք
75 Մի անհերքելի մահավճի՛ռ էր
Ուղղած իրենց դե՛մ։— Ի՞նչ ունեն սրանք,—
Մտածում էր նա,— նրանց վիթխարի
Հանճարի, ուժի և տեխնիկական
Քանքարի հանդեպ..․ Ի՞նչ ունեն.— միայն
80 Տկլոր սրունքներ և ուրիշ ոչինչ։
Եվ ի՜նչ, ի՜նչ հեգնանք սատանայական,—
Մտածել էր նա հաճախ,— այսպիսի
Մարդկային տարրից, նման չքավոր
Երկրում՝ ունենալ կոմունիստական
85 Հասարակակարգ կառուցելու ի՛ղձ...
Երեք տարի է ահա, որ ինքը
Այստեղ, նայիրյան այս գործարանում
Աշխատում է սոսկ մի հաշվետարի