Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

Պաշտոնով։— Երեք տարի շարունակ
90 Այստե՛ղ է թափել իր քրտինքը նա,—
Եվ ի՞նչ է տեսել՝ տգիտությունից
Եվ ստոր, փոքրիկ շահերի համար
Իրար դեմ մղվող պայքարից բացի...
Վերևում՝ գործին անծանոթ մարդիկ,
95 Եսասեր, իրար ոտքի տակ փորող,
Անդեմ, ինքնագոհ և ստրկամիտ։—
Իսկ գործարանի բանվորնե՞րը... Օ,
Կա՞ արդյոք թեկուզ լույսի մի նշույլ
Այս մարդկանց կյանքում... Կարո՞ղ է արդյոք
100 Մի բան սպասել ինքը նրանցից,
Երբ ճանաչում է նրանց ավելի՛,
Քան ինքը — իրեն։— Խեղճ, տգետ մարդիկ,
Օրվա վաստակի համար մաքառող,
Մարդիկ, որ կարծես իզուր են կրում
105 Կոչումը մարդու։— Նրանց պիտի դեռ
Սովորեցընես քթները սրբել
Եվ ապա՝ նստել հացի... Օ, նրանց
Փոխելու համար սերունդներ են պետք
Եվ ո՛չ թե օրեր, կամ տասնամյակներ։—
110 Կարո՞ղ են նրանք հասկանալ արդյոք,—
Մտածում էր նա դեռ երեկ,— թեկուզ
Տարրական մի միտք — կարո՞ղ է նրանց
Գլուխը մտնել որևէ վսեմ
Գաղափար... Օ, դա մի անիրական
115 Հրաշք էր թվում նրան դեռ երեկ,—
Նա ավելի շուտ գլու՛խը կտար,
Քան կհամոզվեր երեկ, որ նրանք,
Այդ քարե դարից մնացած մարդիկ
Կարող են լինել խոհի ընդունակ,
120 Կարող են իրենց մտքով ըմբռնել