Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/90

Այս էջը հաստատված է


Ինչպես լսում էր նա սովորաբար
Լուրերն այդպիսի,— և որոշեց գալ։—
155 Նախ` ա՛յն պատճառով, որ պարտադիր էր
Ներկայությունը պաշտոնյաների,
Եվ ապա — դե, նա ի՞նչ պիտի աներ
Տանը: — Եվ եկավ:— Ժողովը տևեց
Բավական երկար:— Նախ նայում էր նա
160 Շուրջը` քմծիծաղ արհամարհանքով
(Իհարկե, գաղտնի...)— Իսկ հետո... հետո...
Օ, ինքն է՛լ գլխի չընկավ, թե հետո
Ո՜նց, ո՜նց գրավվեց ինքն հետզհետե,
Կարծես թե մեկը սուզեց նրան մեծ
165 Մի կաթսայի մեջ... Կարծես թե մեկը
Պիրկ, ջղուտ ձեռքով պոկեց իր խավար
Աչքերից բարակ, թափանցիկ մի քող —
Եվ տեսավ հանկարծ նա այն, որ երեկ
Չէր կարող անգամ երևակայել,
170 Թե կարող է ինքն զգալ ու տեսնել...
Եվ ինչի՞ց ինչի՞ց ինչի՞ց սկսվեց,—
Մտածում էր նա` ժողովից հետո
Վերադառնալիս։— Ցուրտ, խոնավ քամին
Լիզում էր նրա դեմքը, թափանցում
175 Մինչև թոքերը բավական հիվանդ,—
Նա չէր նկատում ոչ մի բան սակայն,
Ձեռքերը կոխած գրպաններն` արագ
Քայլում էր ցեխոտ, խարխուլ մայթերով,
Ու բոցկլտում էր ուղեղը` ջերմին
180 Խոհերից թե՛ նոր, թե՛ զարմանալի...
«Ինչի՞ց սկսվեց...):— Հիշեց.— դահլիճում
Ծուխ, ծանոթ մշուշ:— Մշուշում — դեմքեր.
Բոլորը ծանոթ։— Նրանց ամեն օր
Տեսնում էր ինքը, ու թվում էր, թե