Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/93

Այս էջը հաստատված է

Լսում է ի՛նքն էլ — և աչքերից իր
250 Ընկնում է կարծես մի մութ վարագույր...
Բայց ո՛չ.— դեռ դա չէ՛ր պատճառը իր այդ
Անսպասելի ոգևորության,—
Զեկուցումը չէ՛ր-.. Չէ՞ որ՝ ինչ որ նա՛,
Այդ զեկուցողը պատմեց ժողովին —
255 Ո՛չ նորություն էր իր համար, ո՛չ էլ
Երկնքից իջած մարգարեություն...
Չէ՞ որ, վերջապես, այդ մարդու ասած
Բոլոր այդ վսեմ բաների մասին
Ինքը բազմիցս կարդացել էր մեր
260 Բոլոր թերթերում և ժուռնալներում —
Կարդացել էր և... չէր հավատացել։—
Ուրեմն դա չէ՛ր պատճառը նրա
Ոգևորության։— Բա ի՞նչն էր, ի՞նչը,—
Մտածում էր նա՝ արագ քայլերով
265 Կտրելով ծանոթ ճանապարհը։— Նա
Իր ներքին անթարթ հայացքը հառած
Սեփական մտքի խորքը՝ ճգնում էր
Լրիվ ճշտությամբ, մանրամասնորեն
Վերականգնել իր բորբոքված մտքում
270 Ամբողջը։— Այո։— Զեկուցողը երբ
Իր խոսքն ավարտեց — դահլիճում արդեն
Տիրում էր մի խոր, ջերմին լռություն։—
Մի լարվածություն անսպասելի
Նստել էր, ծանր, բոլորի դեմքին —
275 Եվ ի՛նքն էլ, ի՛նքն էլ համակված էր այդ
Խոր, անակնկալ, գոլ լարվածությամբ...
Բայց դա ո՞նց, դա ո՞նց, դա ո՞նց պատահեց,
Այդ ինչպե՞ս եղավ, որ ի՛նքն էլ հանկարծ,
Համակված կարծես մի մութ մոգությամբ`
280 Սկսեց տարվել մտքերով — այնքա՜ն