Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/94

Այս էջը հաստատված է

Նոր ու անսովոր... Իր մշուշապատ,
Թե՞ պայծառացած աչքերի առջև,
Գուցե ընդհանուր այդ լարվածության
Ազդեցության տակ — սկսեց հանկարծ
285 Վիթխարի պատկեր մի գծագրվել,
Մի զարմանալի, հոյակապ պատկեր...
Դահլիճում տիրող կապույտ լռության,
Կապտավուն ծխի ու մարդկային այդ
Խոր լարվածության միջից ելնելով,
290 Ձուլվելով գուցե իր լսողության
Սահմանին հասնող խոսքերից, նաև
Մարդկային խորունկ շնչառությունից,—
Հյուսվելով նրբին, անհասկանալի,
Անշոշափելի տարրերից — քիչ—քիչ
295 Իր պայծառացած աչքերի առջև
Սկսվեց փռվել պատկերն այդ — այնքա՜ն
Ե՛վ հեքիաթային, և՛... հասանելի։—
Տեսնում էր նա բիլ մշուշի միջից
Դաշտեր, հովիտներ, լեռներ ամեհի,
300 Քաղաքներ հսկա ու գործարաններ,—
Եվ հասնում էին նրա ականջին
Ամեհի ձայներ... Բանա՞կ էր արդյոք,
Մի բազմամիլիոն, երկաթյա բանակ,
Որ արշավանքի ելած՝ լցրել էր
305 Աշխարհը հաստատ, մեկին ձայներով
Ոտքերի դոփյուն, մկանների երգ,
Լարված կամքերի աճումն ամեհի,
Փոկերի դղիրդ, շչակների ձայն,—
Եվ ձուլված իրար այս ամենը՝ մի
310 Աղմուկի նման ռիթմային, հզոր,
Որպես երկաթյա երաժշտություն`
Հնչում էր վսեմ ու անպարտելի...