Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/99

Այս էջը հաստատված է

Աճումն, ահռելի ընթացքը,— նրա
Երկաթ քայլերի դոփյունն անհողդողդ։—
Այնտեղ, մշուշում, տեսնում էր նա մի
Հսկա գործարան... Քաղաքում հեռու,
445 Ուր չի եղել նա իր կյանքում երբեք,
Որից բյուրավոր վերստեր են իրեն
Բաժանում,— այնտեղ, քաղաքում այդ մեծ,
Որ առաջնորդի անունն է կրում
Բազմությունների այս արևակամ,—
450 Տեսնում էր այնտեղ նա կրակներ բյո՛ւր,
Աստղերի նման փայլող կրակներ,
Որոնց շուրջն անդուլ եռում են այս մեր
Հայրոյի նման ածխադեմ մարդկանց
Հոծ բազմություններ... Այդ կրակներից
455 Ձգվում են ահա դեպի խորքը այս
Հեռավոր երկրի — կրակե թելեր։—
Զգվում են թելեր ոսկեցոլ աստղի
Շողերի նման։— Երբ նայում է մարդ
Կիսախուփ աչքով հեռու աստղերին —
460 Այդպիսի ահա ոսկեցոլ թելեր,
Ձգվելով այդ ջինջ, պայծառ աստղերից`
Կապում են մարդու հայացքը նրա՛նց,
Այդ ջինջ աստղերին։— Առաջին անգամ
Նա զգաց այդ պիրկ, անմար թելերի
465 Գոյությունը— և աշխարհը նրա
Աչքերին հանկարծ լայնացա՜վ, ձգվե՜ց,
Դարձավ անսահմա՜ն, անծի՜ր, անեզե՜րք,
Երկնքի՛, հոգո՛ւ և տիեզերքի՛
Նման անեզերք։— Թեթև քայլերով
470 Տուն հասավ, թակեց նա դուռը։— Քամին
Շաչում էր դեռ թունդ, թռչում սանձարձակ։
Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ։—