Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

կհայտարարվի նաև «ոսոխին», և այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի... Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նայիրիի համար, — խորհրրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին։ Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում և ինչ հորիզոններ պիտի բացվեին Նայիրիի առաջ այդ խորհրդավոր փոփոխություններից. չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ. բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը։ Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նայիրցեուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո՛, արդեն իսկ բացվել էին էր որոշ հորիզոններ... Նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17–ի։ Ավելացել էր գինը. — Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով և, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին։ Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարևան՝ Կաթոլիկ Սիմոնի խանութում։ Եվ ուրիշ խանութներում ևս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու