Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/103

Այս էջը հաստատված է

օր֊օրի վրա, վայրկյան վայրկյանի ետևից: Ուրախ էին — Եգոռ Համբարձումովը, բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանից — մեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նայիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանր չէին մտածում, որ մինչև ինը–տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն։ Օ, ոչ, իհարկե, ոչ։ Առավոտվա ծեգից մինչև երեկոյան մութը լի՛քն էր, լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները ռուս զինվորներին և գյուղացի նորահավաքներին։ Եվ ի՞նչ. վատ չէ՛ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կոպեկի հալվա, որն էլ ուրիշ մի բան — ամենքից. մի կոպեկ, հաշիվը — հարյուր մանեթը կա: Այդ դեռ մանր-մունրը։ Սրա հետ համեմատած — թալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանր, — Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը և ուրիշ մեծ մաղազաներինը՝ փոդրաթչիներինը: —«Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՜նչ զահրումար» — ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը, սկզբում նա կարծեց, որ իր գործը ևս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց, մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ո՛չ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի, «սոխերին», ինչպես նա էր ասում, «կազյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»... Դե', ե՞րբ էին այդ