Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

տրեխավոր «բռիները» մարդավարի ապրել: Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրույթից ձանձրացած՝ սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքը— գնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ Արութի հետ դոմինո խաղալու։ Վերջինս ճիշտ որ կույր էր, բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն. այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ Բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս։ Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետև իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել վարում էր մշտական խաղակցի պաշտոն։ Մեկ-մեկ էլ կայարան էր դնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած. տխրած, որ ինքը ոչ մի շահ, ոչ մի հասույթ չունի գնացող-եկողներից, և ուրախացած, որ ինքը չկա և, երևի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում։ Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռը։ — Բոլորը աշխատում էին, բոլորը շահում— բացի իրենից միայն և մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել և իր այդ միակ սրտակցից— մի հանգամանք, որ խոր տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա և մտցրեց նրա կյանքում ևս որոշ փոփոխություններ...