Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է

մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը և այն է, դեռ նոր էր սկսել, դեռ նոր էր ուզել փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից։ —«Պաշո′լ, հայվարա» — կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած. բայց... «Ե՜ս եմ, մա՜րդ Ասսու, հաչք չունիս» — լսեց Քոռ Արութի ձայնը — և շուռ եկավ դեպի նա։ Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից։— Փոքրիկ մի սեղան, առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից Քոռ Արութը. կողքին մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի։ «Յա′, տո′. գործի՞ ես էղե, Հարո՞ւթ...» —բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ, Քոռ Արութին հառած։ — «Հա′, ի՞նչ էնենք, Ենոք ջան. յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր...» — կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել։ Նայե՜ց-նայե՜ց, կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ առևտրի մասին. — «է, էրթա՜մ» — ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքը — և շուռ եկավ անսպասելի կերպով. խաշորագույն թայլերով վերադարձավ քաղաք։

Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլևս չէի վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը և զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»: