Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/107

Այս էջը հաստատված է

Ահա՛ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել, մի-երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում, — իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «Կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ...

Եվ ահա... հիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող. — նորի՛ց, նորի՛ց, և ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երևույթի մասին առաջին շեփորողը — նա ի՛նքն էր, Համո ՀամբարձումովիչՄազութի Համո՛ն էր նայիրյան այդ քաղաքում։ Եվ այս անգամ էլ էլի նա էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը և «Ընկերության» տեղական կոմիտեի նախագանը — Մազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին և ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել։ Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի. «Հայտնի՛ր բոլորին» — այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլինի ասել որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում. Համո Համբարձումովիչն ի՛նքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ. Վառոդյանին։ Ընկ. Վառոդյանն էլ, գիտենք թե ինչու, հարկ ՛