Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/108

Այս էջը հաստատված է

Էր համարել հայտնել ամենից առաջ պ․ Մարուքեին — բայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին, որ բերել էր գրությունը: Պ․ Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ․Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա — «նայիրցի վարդապետին», որի կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր: Ընկ․ Վառոդյանն էլ, իր հերթին, վերևից էր նայում այդ «եվրոպացի ավանակ Գրաստամատյանին», որի պատմական ազգանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանր ծանոթ օրիորդներին։ Բայց ընկ. Վաոոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ․ Մարուքեն բխում էր ո՛չ թե անձնական, այլ ավելի քան օբյեկտիվ, հասարակական պատճառներից. բանն այն է, որ պ․ Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին, ահա՛ թե ինչ... Այս բանը նրան ո՛չ միայն ընկ. Վառորդյանը, այլև Կլուբի Մեյմունն անդամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անդամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող: Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքեն — ահա՝ զարմանալին. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում» հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»: «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու «Կենտրոն» էր, և այն էլ —