Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

«Գերկենտրոն»: Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը» — երևակայի՛ր հետևյալը։ — Ինչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. նայիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորա-բաբելական իքս, իգրեք, գեթ — Անհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է՝ գերեզմանատանր — մի խոսքով՝ այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվում — կա, գոյություն ունի — չգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնես — նու, անհայտ մի սենյակ, կամ խցիկ կամ ներքնահարկ։ Այդտեղ, այգ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե — ապրում է հսկայական մի սարդ. աներևույթ մի սարդ. սարդանման ուղեղ: Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը. այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք։ Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները նայիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նայիրյան. — պարզում է — Մուշ, Բիթլիս, Դիարբեքիր․ պարզում է — Թիֆլիս, Թեոդոսիա, էնզելի. պարզում է — Երուսաղեմ... Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նայիրցի: Նյու-Յորք, ժնև, Կալկաթա, Պերու, Րիո-Ժանեյրո, Աննամ. — ի՞նչ, ի՞նչ քաղաք, կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյա թելիկները Ուսղեղասարդի: Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից-քաղաք, երկրից-երկիր, իսկ ինքը չի