Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

գնելու։ Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի․ մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու։ Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ։ Այսքան, կամ այսքան։ — Ու մի պահ, հարցական, նայում է ինձ։ Եվ, երևակայո՞ւմ եք, հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից— աչքերի մշուշից— սահում է, ինձ է նայում— նա: Նայում է երկա՜ր– երկա՜ր։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ — Մոռացե՞լ ես, — հարցնում է նա։ Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս — վերադառնում եմ տուն։

Երբեմն էլ ես տեսնում եմ նրան… հորս, Աբգար աղայի դեղնած դեղնափայլ… մազերում։ Հորս, Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա — նայում է ինձ։ Հազար֊հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա։ Ապրում է, աներևույթ, մեր ամեն ինչում։

Բայց ո՞վ է, կամ ի՞նչ է նա— ահա ամենաէականը։ Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ։ Գիտեմ, որ նա — կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է— հին։ Կա,— զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,— բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ, — կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ, կամ ցնորք։

Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է— ո՞ւր… Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ–հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից — կանչում է նա։ Ո՞վ է լսում։ Ով էլ որ