Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/115

Այս էջը հաստատված է

հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել. նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների ետևից — շատ են, մի երկուսը ետ կմնան և մնացած շորերը ևս կթրջեն ու կհանգուցեն. ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել և հագնել շորերն առանց սպիտակեղենի — ինչպես և մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները և անցնել վեպի շարունակությանը։

Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի՛ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը և մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ Գրաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը։ Այդ միտքը հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով, նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից իմանալ,— և ապա՝ ինչպես հրահանգել էր նրան Մազութի Համոն, «կշոշափե հողը»... Իսկ պ. Մարուքեն, այսպես թե այնպես, որպես հակառակորդ, բավականին