Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/119

Այս էջը հաստատված է

Իրիկուն էր արդեն. արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում։ Նվագում էր զինվորական երաժշտախումբը. նվագում էր «Բոժե ցարյա»: Հասկացավ պ․ Մարուքեն, որ «սկսվել է պարը»: Հիշեց այն մյուս կիրակին. կանգնեց, կանգնեց նորից պ․ Մարուքեի ուղեղում — կանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն։ Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ․ Մարուքեն — և, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ․ Մարուքեի ուղեղից— կանգնեց. դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էր — Մազութի Համոն: Ներքևում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչր, Գեներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը և Կինտաուրի Սիմոնը–կոշկակարը։ Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»: Դեռ չէր ուշքի եկել պ․ Մարուքեն, երբ մեկը ետևից հրեց նրա կողին և ականջին բղավեց. «Գլխարկդ հանե՛, տո՛, չե՞ս հասկընա»: Նայեց— Աբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք։ Դեմքին — պատկառանք էր խորհրդավոր. ակնոցը թեքվել էր մի կողմ. գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի։ Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ․ Մարուքեն․ բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները և այս անգամ պ․ Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին։ «Հայրենակիցնե՛ր» — սկսեց, երևի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն, և տիրեց լռություն՝ լսողություն տիրեց։ «Մոտ է, մոտենում է օրը» — շարունակեց ապա Մազութի Համոն, — «երբ, ելած մոխիրից, դարերի քնից — հառնե՛ պիտի, ազատ, երկիրը