Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/125

Այս էջը հաստատված է

ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո՛չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը, — այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «նայիրյան դպրոցում, ուր կրթվում, հասունանում և թև է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա նայիրյան — օ, ես հավատում եմ դրան, — պայածառ ապագան դարբնելու գործը, — հարգելի ժողովականնե՛ր ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, և այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպե՛տք է ունենան պ. Դրաստամատյանի» նման հարբեցող ավարաները․․․»: Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն, — և նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը և հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը և տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ․ Մարուքեի և ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքի — երկու օր անց։

Բժիշկ Սերգե Կասպարիչը այլևս նստում էր զորակոչային ատյանում։ Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները. «տասը» «հիսուն», «հարյուրի»–ի տեղ կանաչ սեղանների