Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/129

Այս էջը հաստատված է

— «Ապրանքատեղափոխության» պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը վաճառվելու է փութը մի ռուբլի հինգ կոպեկով» — այսինքն նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով։ Չնայած Համազասպ Աստվածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը և անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը։ Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել, — և այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն, — որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետևանք է իրա— Մազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն , որով այնքան հարուստ էր Մազութի Համոն և որի շնորհիվ նա քանիցս արժանացել էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին։ Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» ևս պիտի նախապայման ունենար, եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան: Սիրելի ընթերցո՛ղ, քո աչքից թող չխուսափե իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները». ո՞ր, ո՞ր, ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն