Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/133

Այս էջը հաստատված է

Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց։

«Ըհը՛, ըհը՛», — երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. և ասաց բացման խոսքը՝ կարճ և ազդու։ «Տիկիններ և պարոններ»,— սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերևս, կարելի էր «տիկին» անվանել, և այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նայիրյան ժողովներում։ Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար և, մասնավորապես, նայիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարևորության մասին և համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները։ «Խոսքը, զեկուցման ճամար, տրվում է պ. Համազասպին» — ասաց ընկ. Վառոդյանը և նստեց։ Եվ մինչև կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչև կխմեր ջուրը— դահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին և կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին։ Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, և Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն, վերջապես, սկսեց... Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը։