Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/136

Այս էջը սրբագրված է

կազմվում է դարերի ընթացքում և ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին։ Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում։ Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր— ինչի հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը ևս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում. ահա թե ինչ, ահա թե ո՞րտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ։ Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը— ահա ամենաէականը: —

Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը, կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին և իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միևնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը, — պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկա՜ր֊