Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/143

Այս էջը սրբագրված է

Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն և հանդիսականների կողմից, ինչպես և կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց։ Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նայիրյան հիմնը, դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»: Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունը սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը։ Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ․ Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան — Խաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին․ բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»: Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, և արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել րնկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներևակայելի մի թյուրիմացության ։ «Կարելի՞ է մի խոսք» — հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե և 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից․ բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն և ընկ․ Վառոդյանը — առաջ. անտեղի էր այդ ձայնը և անսպասելի։ Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով — նայեց դեպի ձայնը և Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը։ Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր — Կարո Դարայանինը: Գուշակեց