Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

նուր, լարված ոգևորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց — բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞ — հեգնանք ու բարկություն Սերգե Կասպարիչր և Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից. զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչր և Օսեփ Նարիմանովը: «Ո՜վ է այդ երեխան, որ նման մի անաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում» — ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի և հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում։ Նրանց հետևելով նույնպես ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը և Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ. — «Ներեցեք անարժանիս՝ ե՛ս եմ մեղավորը...»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց․ և ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց։ Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,— հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող. «ծիծաղեցեք, բայց — լռել է՛լ է հարկավոր» — ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե՛ք, պարոննե՛ր» — բացագանչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով, — և, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց։ — «Լռությո՜ւն, լռությո՜ւն» — օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ» — ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը։ Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին։ Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն — և տվեց արժանի պատասխան․