Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/148

Այս էջը սրբագրված է

օտարական,որպես անառակ որդի:Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում,ո՞ւմ հացին էր յուղ քսում— ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էր Գեներալ Ալոշից սկսած մինչև վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ. աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞» — ո՞վ իմանար։ Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերքին հետաքրրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները։ Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան։ Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին դրանում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին։ Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ— «քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել», — հարկավոր էր իրենից իմանալ։ Այնինչ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու. — ոչ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլտւվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում, կամ կուլ տայիս Կարո Դարայանը— այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել։ Եվ, եթե հարցնող լիներ— նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նայիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով։ «Աա քամիները ստամոքսի մեջ կշինվին... անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք...» — կասեր, քահ֊քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը։ Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում և միանգամ այն «իրական»