Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի և Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները։ Այս հարցը միանգամայն տարրեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում։ Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա, Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, և ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում։ Այո՝ նախ Արամ Անտոնիչը և ապա Մազութի Համոն։ Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը— Գարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտըոնական վարչության Բաքվի գրասենյակում։ Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը— երևակայում եք— թուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նայիրյան այդ ընկերության դեմ. — ահա՛ թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչև այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության» — Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը: Ահա՛ թե ինչպիսի՞ տխուր տեղեկություններ էր ստացել իր «հոգեժառանգի», իր