Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/152

Այս էջը սրբագրված է

նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, և այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը գավառապետը և համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հա– սարակությունը։ Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը և վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթել ու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ․ Վառոդյանը ևս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին և նույնիսկ, երևակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երևի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սևաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.— չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած Վարժապետը» վերջին ժամանակներում …

Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն—Գեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձ¬ րահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձումովիչի դստեր—Սևաչյա Պրիմադոննայի կողմից,—բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ—Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե