Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/155

Այս էջը սրբագրված է

նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան,Սևաչյա Պրիմադոննան ևՄազութի Համոն… Մինչև նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն և դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ թե ինչու՝ նորից անհետացավ…

Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց։ Բեմը դատարկ էր՝ ոչ֊ոք չկար։ նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը — նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն։ Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երևացին Մազութի Համոն — Գեներալ-պրոֆեսորի թևը բռնած… <Ա՛հ»—հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե Բերդը պայթեց… Չտեսնված, այո, աներևակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալ-պրոֆեսորը և Մազութի Համոն։ Եվ ահա—թռավ, Գեներալ-պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ․ Սևաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով․ վերցրեց, դստեր գցած փունջը Մազութի Համոն և, խոնարհ գլուխ տալով,մատուցեց թանկագին հյուրին։ — Այսպիսի՝ ահաչտեսնված մի փառքի արժանացավ Գեներալ պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած։ Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով,պատասխանում էր Գեներալ-պրոֆեսորրը