Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/156

Այս էջը սրբագրված է

պես հուզված։ Գեներալ-պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո—մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին և աչքը, ծուռ, դեպի նստարանների առաջին շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թևը, որ հըպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թևին։ «Ծընգ—ծընգ—ծընգ»— հնչեց Մազութի Համոյի—նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց։ Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին և հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար։ Դեպքը, կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ-պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց և այնպես թեր և դեմ զրույցների բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր դրություններ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո։ Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց և մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին