Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն —մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս—և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում․ ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ Եվ իզուր չէ, որ նայիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նայիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։

Տները, ինչպես ասացի, նայիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով, — բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից, կամ երկնքից ընկած քարե մի հրաշք—կանգնած կա, երևակայո՞ւմ եք… հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն… Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նայիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն, կամ, եթե խոսակիցներ է