Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

փախուստ էր դա իրոք և ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ ու չեզոքացում, որ հետևանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա, այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նայիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը։ եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նայիրյան այդ քաղաքը և այն էլ— զինված ու փափախավոր... Հետն էլ երեքը֊չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր։

«Ծանոթացե՛ք»— ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.— «Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր— Հրանատ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպահաղյան— ասիկա մեր «Պուլկարացին է»—ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը և ապա — «աս ալ մեր ընկ. Թափառականը»— վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանր, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլև իրան` Մարանկոզ Նշանին— աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին։ Այդ դեմքը, ի դեպս, շատ քիշ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից, քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն և ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ