Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/161

Այս էջը սրբագրված է

միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը։ Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՛ղ, որովհետև շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը` նայի՛ր ու կարդա՛, ինչպես գիրքը, այո վերցրո՛ւ ու կարդա՛։ Այդ դեմքերից էր ահա և ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել։ Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման»` սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը— ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի (զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէ՛ր, հազար ու բյուր անգամ— չէ՛ր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն։

Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, և՛ Կարո Դարայանը, հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»— հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը:— «Նացիոնալ-դեմոկրատներ»— պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ և հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նայիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա