Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/163

Այս էջը սրբագրված է

գրում մոմավաճառքի խանութում։ Արդեն պատմում էր, շշուկով պատմում էր արդեն րնկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնոդներին — բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ։ Եվ արդեն, հայտնի նկատառումներով, «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն։ Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ։ Անձամբ եղել էր կենտրոնում և նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն — նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելում մեծ աջակցություն էր ցույց տվել նրան, Մազութի Համոյին, գավառապետը. նա դրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա —«Արգելքներ չեմ գտնում» — կտրուկ մակագրությունը։ Իսկ, որ ամենագլխավորն է — շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը.— իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից— աշխարհ։ Պարզել էր— Վան, Բիլիս, Բուքրեշ, Նյու- Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում— «ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... Նույնիսկ այդ ծիծաղելի ընկա Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն, բերել է հետը — փափախավոր մարդիկ.