Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/164

Այս էջը սրբագրված է

ուղում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ։ «իսկ մե՞նք» — հարց տվեց, վերջապես, օր, Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված «Ինչո՞ւ չենք աշխատում…»; Պ. Մարուքեն և Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում։ Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից — և հեգնախառն ժպիտ։ Օր. Սաթոն, դե, ոգևորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը։

«Երկու օրից ես մեկնում եմ բանակ» — հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայ֊րենի քաղաքը եկել նա.— որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում։ Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ։
Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերևս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել հայրենաշունչ կոչ կարդաց ս Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան — Խաչագողը: Հիշեց, հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին բերդի, Առաքելոց եկեղեցու և Վարդանի կամուրջի մեջ։ Խորամանկ, հանճարեղ են եղել  նայիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.— նրանք իմացել են կապել հոգևորն ու մարմնավորը, սուրը և խաչը, կրոնն ու ռազմական կորովը։ Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք