Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/165

Այս էջը սրբագրված է

բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, և այդ էր, որ կործանեց երկիրը հնամյա — հազարամյա Նայիրին։ Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը — ասաց, ա֊ նարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան — Խաչագողը: Բայց հի՛շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի և Սահակ Պարթևի պայծառ անունները—և թող խրատվի, ոգևորվի և գոտեպնդվի։ Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի և հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի։ Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության և դեպի նոր Ավարայր, նո՛ր Վարդանանց պատերազմ կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը։ Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նայիրյան ոգին: Կանչում է կիստվեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փաոքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրը կրոնը և հայրենիքի փաոքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն' հանուն կրոնի և հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական