Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/166

Այս էջը սրբագրված է

օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:

— Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետև դո՛ւ, դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները և ոչ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիններում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն։ — Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողը, և նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից և ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից և ո՛չ մեկը մի սև «խաչհամբույր» գցած չուներ դեռևս ս. Աստվածածնի գանձատուփը։— Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը», և նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, և մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, և— ես կասեի՝ ոչ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը— կանչեց, կանչեց նրանց դեպի նոր Ավարայր տեր Հուսիկը։ Եվ ի՞նչ. կոչր շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչր քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ և քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝