Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/169

Այս էջը սրբագրված է

ոգևորություն էր առաջ բերել նայիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական «ժողովրդավարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլո–պոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկոլայը—գինի,— մի խոսքով՝ ով ինչ որ ուներ—չէր խնայել։ Ժողովրդավարությանը մասնակցել էր նաև տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը — և մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների և այդ օրվա «Ժողովրդավարության» մեջ, բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից — և չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին։

…Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական իւումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք։ Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգևորված նայիրցիները։ Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան հերոսներին դիմավորելու, այնտեղ էին Գեներալ Ալոշից սկսած—մինչև Մեռելի Ենոքը։ Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես և Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ․ Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը և մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել» —