Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/17

Այս էջը հաստատված է

ունենում— նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ— եվրոպացիք... Ա՛յ» — Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ- փոքրիկ քառակուսի պատուհաններին։ «— Դեռ մենք շատ ենք հետամնաց» — ասում է նա։ Այսպես է մտածում պ. Մարուքեն — և նա, իհարկե, ունի իրավունք. պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերմունքով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.— գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն։ Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը— և չի կարող տանել ոչ մի հնություն։ Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նայիրյան այդ քաղաքում— և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան։

Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք— շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը։ Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե—առանց այդ հրաշալիքների նայիրյան այդ քաղաքը՝ եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ— հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում։ Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել— թեկուզ հենց Բերդը, կամ, ասենք,— Վարդանի կամուրջը, կամ, վերջապես— Առաքելոց եկեղեցին... Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը, — ո՞րը թվեմ։— Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք։