Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

խոսքով, մտածված էր և պատրաստված, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին— և ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանը ետևը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքևրը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նայիրցիները գնացքի մոտենալուն։ «Ուշացավ» — արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը։ Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը— և բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար հանգստանալու փոխարեն ավելի ևս անհանգստացան։ Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նայիրյան հիմնը, գնացքը, դանդաղ, մոտեցավ կայարանին։

Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներևակայելի ոգևորությունը, որով համակվեցին նայիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին։ Հազիվ էր երևացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացագանչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը և դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը— Հայտնի Անունը, — երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը և Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մաղութի Համոյի և ապա... Ընկ. Վառոդյանի հետ, — հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի— և այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն