Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

հասկանո՞ւմ ես, ո՛չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենք, ասենք,Գեներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում—որպես մի Համո Համրարձումովիչ— Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն—չէ՛ր կարող։ Զառանցանք չէ'ր այդ քաղաքը, և ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք․ և, այո , ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նայիրցի», և ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը—«նայիրյան» մի քաղաք։ Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, սիրելի ընթերցող, որ մոլորեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ես եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին ևս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար։ Այո՛։ Ի՞նչ «Նայիրի»: Եվ ամենից առաջ. ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը. ի՞նչ է նա նշանակում:

Սիրելի ընթերցո՛ղ։ Ես չեմ հնարել այդ անունը և պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում։ Գուցե «Նայիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: Գուցե և նշանակում է' «անքաշ պանիր» — աստված ինքը գիտե։ Կամ, գուցե, «Նայիրին» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում։ Չգիտեմ։ Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ինչ է նշանակում «Նայիրի»։ «Նայիրին» Նայիրի է — պրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը — մարդու և... Եվ