Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային» գոյության:

Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ։— Ամենից առաջ մի - թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, և այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նայիրի։ Հասկանո՞ւմ եք' նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչ–պես մեր եղկ երկրագնդի որևէ հատվածի վրա, տեղավորված կային—գյուղեր ու քաղաքներ, ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում ապրում էին — ամենից առաջ հենց ինքը, Մազութի Համոն, ապա Գեներալ Ալոշը, բժիշկը Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան և հազար-հազարավոր ուրիշ–ուրիշները, ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի և վերադառնում էին գործից, ուտում էին և արտաքնոց էին գնում.— մի խոսքով' անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը։ Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում, կամ Մազութի Համոյի ուղեղից «սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ․