Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/186

Այս էջը սրբագրված է

առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն։ Այսպիսի՛ ահա ինքնասնույց մի թռչուն, բայց, ավելի լավ է ասել՝ «պերպետուում– մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը. ինքնաշարժ մեքենա, որ, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով՝ դուրս էր թողնում հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ — ո՛նց ասենք… նո՛ւ, ազգային եռանդ: (էներգիա), որով, և միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա—հազարամյա Նայիրին։ Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս․—

«Եգիպտական բուրգերը փոշի կդառնան Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման…

Այսպես ենք կարծում, ընթերցո՛ղ, և մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետև նույնը, ճիշտնույնը, բառացի նո՛ւյնն էր մտածում և ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նայիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նայիրյան ուժերով» բեռնավոր։ Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր և ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համբարձումովիչի  սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդ¬ ված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու