Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/187

Այս էջը սրբագրված է

մտախոհ՝ սեփական, այսինքն «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած։

Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն՝ Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք։ Եվ կայարանից մինչև բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից՝ ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում։ Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը.— Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները։ Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա՛ էր, ըղձալին ու երազյալը, — երկիրը Նայիրի։ Գնում էր. փողոցի փոսերից, քարերից ելևէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի։ Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ։ Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելևէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում—երկիրը Նայիրի։ Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ— Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նայիրի։ Փնտրում էր, բայց չէր գտնում. օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա, օրորվում էր, ելևէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում,— Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի