Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում: Գուցե և չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. և այդ փաստն այն էր, որ՝ Համո Համրարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նայիրի, — այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո՛չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն— այլև ամբողջ սահմանի այս կողմը. պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից։ Եվ Համո Համբարձումովիչը — ո՛չինչ. չէր անհանգստանում։ Չնայած, հասկանո՞ւմ եք, Բերդին, չնայած Վարդանի կամուրջին և Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նայիրյան հրաշալիքներին— Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը.— օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային— երկիրը Նայիրի


Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում։ Ո՛չ. — այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի՛նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ. նման պատճառները փոլիտիկոսների բարբառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ...