Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

Եվ ահա՝ թե ինչու— վարը, քաղաքում հանգիստ են տները՝ նիրհել են անհոգ ու անտարբեր: Իսկ խանութների առաջ նստել է նայիրցի խանութպանը և ծույլ, անփույթ հորանջելով՝ սպասում է գնորդի։ Եվ ի՜նչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական և ժամանակավոր հանգամանքը, որ հիմա, 1913 թվին, բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ո՛չ նայիրյան, արծվազարդ մի դրոշ։ Բերդը շինել են նայիրցիները, բայց դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե մեզնից, բերդի և քաղաքի իսկական տերերից— և թե ամեն մի թշնամուց։ Օրը կգա— և նրանք կգնան։ Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք— կելնե, կհառնե ահասաստ, նայիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա— նայիրյան աշխարհի... Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա— երկիրը Նայիրի...

Այսպես էին մտածում այդ բերդի մասին նայիրյան այդ քաղաքում ապրող իսկական նայիրցիները— և այս փաստի հանդեպ ի՜նչ կարող էր անել մի, թեկուզ և եվրոպացի, պ. Դրաստամատյան...

Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները։ Առաջ, շատ հնում, քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով՝ անցնելիս է եղել գետը և ամբողջ քաղաքն իր՝ մեջ առնելով: