Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/190

Այս էջը սրբագրված է

Բայց և այնպես, ընթերցո′ղ, — ո՞վ իմանա։

Մի՞թե հասկանում է արևը, որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության. կարծում եմ, որ սխալված չպիտի լինեմ, եթե ասեմ, որ ոչ։

Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը և հենց ինքը, Մազութի Համոն– ի՞նչ իմանար: Եվ այն էլ—ճակատագրական այդ օրը։ Ասում ենք ճակատագրական, որովհետև այդ օրը, ի բացառյալ բոլոր վերոհիշյալ դեպքերը — Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց և մի այլ, ավելի քան նշանակալից, գեր ֊ճակատագրական—դե՞պք ասեմ, չգիտեմ, թե՞ — անսպասելի մի տիեզերացնցում, որի հետևանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում․․․ երկիրը Նայիրի: Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել։

Համո Համբարձումովիչը, ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն։ Ուղեղում— դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել. ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ, — նայիրյանն էր, հավիտենականը, ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր, — երկիրը Նայիրի։ Այդպես էլ հասավ իր բնակարանը և անցավ իր առանձնասենյակը․ առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը — Սևաչյա Պրիմադոննան: Սևաչյա Պրիմադոննան արտասվում էր՝ գլուխը ձեռքերի մեջ առած՝ արմունկները գրասեղանին։ Մոտեցավ, գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն․ ուղեղում նայիրյանն էր դեռ և ոչ անձնականը. ուղեղի եղջյուրների վրա։